Չգիտեմ՝ ինչպես սկսեմ խոսքս, որ և՛ տեղ հասնի, և՛, չվիրավորեմ Հայ Տղամարդուն:
Հա՛յ Տղամարդ,այսքան տաղանդավոր և շնորհաշատ ես, պետք եղած ժամանակ, երբ դանակը ոսկորիդ է հասած լինում, քեզ պես զինվոր ու զորավար չկա, դեռ մի ահագին զորովար ու գիտնական, շինարար ու ճարտարապետ էլ ուրիշին ես բախշում:
Բայց զարմանալի է ու զայրանալի՝ ինչու՞ դարեր շարունակ դու չես կարողանում քո ստեղծածն ու ունեցածը պահել մեր երկրում ու տեր կանգնել ստեղծածիդ:
ՈՒ հիմա այն բոլոր ազգերը, ում համար դու ստեղծել ես ու նվեր թողել, չեն էլ հիշում քեզ ու քո բախշածը, որովհետև երախտապարտ պիտի լինեն քեզ, քո առաջ պիտի խոնարհվեն, քո ստեղծածից քո բաժինն էլ քո/ մեր ժողովրդին պիտի բաժին հանեն:
Բայց, ո՜չ, քո գիտությամբ ստեղծված զենքը քո ժողովրդին չեն տալիս, այլ վաճառում են հենց քո թշնամուն:
Իսկապե՞ս քո մտքի հետ ինչ-որ բան է կատարվում, որ մտքով կույր, հոգով հիվանդին 7 տարի է հանդուրժում ես և ազատ ես թողել, որ նա մեր հայրենիքը բաստուրմայի նման շերտ-շերտ կտրի ու տա նույն այդ թշնամուն, որին արդեն դու անցած ժամանակներում մեծ-մեծ կտորներով ես թողել ու հեռացել՝ օտարին աստվածապարգև շնորհներդ բախշելու:
Հիմա ուզում եմ իմանալ, Հա՛յ Տղամարդ, մենք՝ կանայքս, մեր Հայրենիքը էլի՞ թողնենք ձեր անտարբերությանը, թե՞ ստեղծենք քաղաքական մի ուժ և մաքրենք նախ՝այս անբարո և թշնամու կամակատար պաշտոնակատարների ախտահար դաշտը, հետո ստեղծենք ձեռքերն ու խիղճը մաքուր կանանց կառավարություն:
Իրական փաստ է, որ երբ տունը աղբ ու թափոնից պետք է մաքրել, այդ գործը կինն է անում:
Ներո՛ղ եղեք, մեր սիրելի՛ Հայ Տղամարդիկ, որ այսպես խիստ խոսեցի ձեզ հետ, սա թող լինի սթափության ապտակ, որ դուք արթնանաք «ուտուշ-խմուշի» վայելք այս թմբիրից:
Չորս կողմը ռեստորաններ ու սրճարաններ են, առևտրի կենտրոններ են, սերիալներ, սերիալներ, ծիածանի յոթ գույնով «հումոր» ու մեքենաներ, մեքենաներ, ճոխ ու թանկ մեքենաներ, բենզա-գազալցակայաններ, ահռելի մեծ «մոլ-խանութներ» և դեղատներ, դեղատներ, դեղատներ և մասնավոր կլինիկաներ,որովհետև հիվանդները շատ են, ոչ մի դեղատուն չի փակվում, ավելանում են հիվանդանոցները և․․. վարկեր, վարկեր, վարկեր, խաղատներ, խաղատներ, խաղատներ, ոստիկաններ, ոստիկաններ, ոստիկաններ՝ բերետավոր և անբերետ:
Հա՛, չմոռանամ․ նիկոլի և իր գործընկերուհու կենցաղային մակարդակի քաղաքական խաղերը, որոնց բուն նպատակը քեզ՝ Հա՛յ Տղամարդ, շեղելն ու շաղելն է, շարունակում է մնալ օրակարգում, ինչպես «Խաղաղության օրակարգը», որը թելադրում են երեք իրար դաշնակից պետությունները:
Դրա համար նիկոլին հաստատ Նոբելյան մրցանակ են խոստացել, բայց հո ամեն խոստացած չե՞ն կատարում:
Կրկեսում ո՞նց են խաղացնում կենդանիներին՝ մի կտոր յուղոտ պատառ դնելով նրա բերանը:
Այս ամենը քեզ շեղելու, քեզ զբաղեցնելու համար են անում, որպեսզի դու ժամանակ չունենաս տեսնելու, հասկանալու, վերլուծելու մեր երկրում ստեղծված իրականությունը, որը պահանջում է սթափ միտք:
Գիտեմ, կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն հիշեցնել նաև մի քանի դար առաջվա մեր կորուստների մասին:
Չեմ մոռացել, բայց պատճառների միջև տարբերությունն էական:
Փոձե՛ք ինքներդ բացահայտել, սիրելի՛ Հայ Տղամարդիկ:
Հիմա մենք նոր կործանման եզրին ենք, իսկ մենք դեռևս չենք հասկանում, թե ինչ է անում նիկոլը:
Բայց որ քո սթափվելու ժամանակը մի բան էլ ուշացել է, ինքդ էլ գիտես:
Իմացի՛ր, նիկոլն այս «ենթամշակութային քաղաքականությունը» ձգձգում է, որպեսզի մի կերպ հասնի 2026 թվի ընտրություններին, իսկ ընտրությունների փորձը 35 տարի է՝ հստակ և անթերի գործում է իշխանության օգտին: Դրա համար, եթե որոշել ես սթափվել, հիմա՛ սթափվիր․ կիսաարթուն,բազկաթոռի մեջ «դանթող» մարդուն ավելի դժվար է կտրուկ սթափեցնելը, քան խոր քնած մարդուն:
Հզոր ահազանգի պատճառով խոր քնից արթնացած մարդն ավելի շուտ է զգում վտանգն ու արագ փորձում է վտանգը կանխել կամ խուսափել, իսկ բազկաթոռին դանթող մարդը, որի մի աչքը քնած է, մյուսը՝ կիսաբաց, կարծում է, որ ինքն ինչ-որ ձայներ լսում է, նույնիսկ
ինչ-որ բան է տեսնում, ուրեմն ինքը քնած չէ:
Բայց երբ հաջորդ օրը հարցնում են տան եղելության մասին, նա ոչինչ չի հիշում:
Հա՛յ Տղամարդ, դու իրավունք չունես կես՝ քուն, կես՝ արթուն ապրելու, քո դանթելու «լիմիտը» վաղուց վերջացել է:
Կոչս է և հորդորս քեզ, Հա՛յ Տղամարդ,
վերադարձի՛ր քո երբեմնի անկորնչելի Առյուծ ու Արծիվ էությանը:
Երկրիս ու Ազգիս ներկա և ապագա ճակատագրով մտահոգ՝
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս